Հենրի Մեյհյու
Հենրի Մեյհյու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1812[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հուլիսի 25, 1887[3][1][4][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Վեսմինստերի դպրոց |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և գրող |
Henry Mayhew Վիքիպահեստում |
Հենրի Մեյհյու (անգլ.՝ Henry Mayhew, նոյեմբերի 25, 1812[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 25, 1887[3][1][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), բրիտանացի հրապարակախոս, խմբագիր, դրամատուրգ և լրագրող, հասարակության աղքատ խավերի կյանքի հետազոտող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է լոնդոնցի փաստաբանի բազմանդամ ընտանիքում. տասնյոթ երեխաներից մեկն էր։ Պատանեկության տարիներին ընդունվել է Վեստմինսթերյան դպրոց, բայց մի քանի տարի անց փախել է և աշխատել Բրիտանական արևելահնդկական ընկերության նավի վրա որպես նավաստի[5]։ Ծովի վրա անցկացրել է մի քանի տարի, որոշ ժամանակ էլ ապրել է Կալկաթայում։ 1829 թվականին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որոշ ժամանակ հոր ղեկավարությամբ ուսումնասիրել է իրավունք և Ուելսում[6] սովորել փաստաբանի մոտ։ 1831 թվականին Գիլբերտ Է-Բեքետի հետ հիմնել է «Figaro in London» շաբաթաթերթը, որը ընթերցողների շրջանում մեծ ճանաչում չի ունեցել[7], 1832 թվականին դարձել է «The Thief » տեղեկագրքի հիմնադիրներից մեկը, որտեղ հրապարակել է քննադատների կողմից դրական գնահատված իր երկու ֆարսերը (զավեշտախաղերը)։ Այս նախագիծը, ինչպես և նախորդը, առևտրային առումով հաջողված չէր, այդ պատճառով էլ Մեյհյուն շուտով պարտատերերից փախել է Ուելս և որոշ ժամանակ թաքնվել Էրվուդի հյուրանոցում, իսկ 1835 թվականին, խուսափելով պարտքերը մարելու անհրաժեշտությունից, արտագաղթել է Ֆրանսիա[6]։ Փարիզում ապրել է ավելի քան տասը տարի՝ վերջնականապես Անգլիա վերադառնալով միայն 1980-ական թվականների սկզբին։
1841 թվականին Մեյհյուն, որը մշտական բնակություն էր հաստատել Ֆրանսիայում, դարձել է բրիտանական հայտնի «Պունչ» երգիծական ամսագրի հիմնադիրներից մեկը, առաջին երկու տարիների ընթացքում Մարկ Լեմոնի հետ եղել է ամսագրի երկու գլխավոր խմբագիրներից մեկը, իսկ 1842 թվականի դեկտեմբերից հրատարակության վաճառքից հետո՝ խմբագիրներից մեկը[7]։ 1840 թվականներին Մեյհյուի գրչին են պատկանել բավականին շատ ստեղծագործություններ՝ կարճ հումորային պատմություններ, պարզունակ պիեսներ, ճանապարհորդական ակնարկներ, գիտության և պատմության վերաբերյալ հանրամատչելի աշխատանքներ, տարբեր հարցերի վերաբերյալ գործնական ուղեցույցներ, որոնք մինչև 1845 թվականի փետրվար ամիսը տպագրվել են հիմնականում «Պունչ» ամսագրում (հետագայում Մեյհյուն դադարել է համագործակցել այս հրատարակության հետ), իսկ 1842 թվականից նաև «The Illustrated London News» ամսագրում, իսկ հետո նաև ուրիշ հրատարակություններում, սակայն քննադատների կողմից դրանք գրեթե մնացել են աննկատ և նրան եկամուտ չեն բերել. 1842 թվականին նա իրեն ստիպված սնանկ է ճանաչել։
1851 թվականին Մեյհյուն լայն ճանաչում է ստացել իր գլխավոր ստեղծագործության՝ «Լոնդոնի աշխատավորները և աղքատները» լույս տեսնելուց հետո՝ Կրուկշենկոյի նկարազարդմամբ, որում նկարագրված էր լոնդոնյան հասարակության ստորին խավի՝ որակավորում չունեցող բանվորների, փողոցային վաճառողների, մուրացկանների, գողերի, մարմնավաճառների, չարքաշ աշխատողների և այլոց կյանքը[7]։ Առաջին երկու հատորները, որոնք լույս են տեսել 1851 թվականին, հիմնականում ընդգրկել են Մեյհյուի հեղինակած այն բազմաթիվ լրագրային հոդվածները, որոնք նախօրոք տպագրվել էին «The morning Chronicle» թերթում։ Հետագայում գրաքննության ճնշմամբ հրատարակությունը կասեցվել է մի քանի տարով, բայց 1856 թվականից սկսել են լույս տեսնել նրա՝ լոնդոնյան քրեական հանցագործության մասին հոդվածները, որոնք արդեն 1861 թվականին կազմել են աշխատության երրորդ հատորը. 1862 թվականին լույս է տեսել վերջին՝ չորրորդ հատորը (համահեղինակ մի քանի այլ հետազոտողների հետ)։ 1864 թվականին հեղինակը արդեն հրատարակել է ավարտուն քառահատորը՝ վերոնշյալ վերնագրով, այն վերահրատարակվել է 1866 և 1874 թվականներին։ Այս ստեղծագործությունը հասարակական մեծ արձագանք է ունեցել, մասնավորապես փողոցային վաճառականները գրքի հրատարակումից գրեթե անմիջապես հետո հիմնել են միություն՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների, որի շրջանակներում փորձել են բացահայտել Մեյհյուի[8] կողմից իրենց մասին բերված կեղծիքը։
1850-ական թվականների երկրորդ կեսին Մեյհյուն ճանապարհորդել է Գերմանիայի նահանգներով՝ գրելով մասնավորապես աշխարհագրական ստեղծագործություններ՝ «The Rhine» (1856 թվական) և «The Upper Rhine» (1858 թվական), ինչպես նաև հետաքրքրվել է Մարտին Լյութերի կենսագրությամբ, որի արդյունքում ստեղծվել են հետևյալ աշխատությունները՝ «German Life and Manners in Saxony» (1864 թվական) և «The Boyhood of Martin Luter» (1865 թվական), ամբողջ 1862 թվականն անցկացրել է Այզենախ և Ենա քաղաքներում։ 1870 թվականին գրել է«Young B.Franklin» գիրքը, նույն թվականին նա հիմնադրել է «Only once a Year» պարբերականը, որը երկար չի գոյատևել, իսկ 1871 թվականին հրատարակել է Լոնդոնի բանվորական ակումբների մասին հոդվածների շարքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mayhew, Henry // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 17. — P. 935.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Taithe (1996), p.3
- ↑ 6,0 6,1 Taithe (1996), p.9
- ↑ 7,0 7,1 7,2 Taithe (1996), p.10
- ↑ Münch (2017)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anne Humpherys (1984), Henry Mayhew, Boston/Mass.: OUP.
- Ole Münch (2017), Henry Mayhew and the Street Traders of Victorian London — A Cultural Exchange with Material Consequences, in: The London Journal.
- Taithe, Bertrand The Essential Mayhew: Representing and Communicating the Poor. — Rivers Oram Press, 1996. — ISBN 1-85489-046-8
- Vlock, Deborah (2004). «Mayhew, Henry (1812–1887)». Oxford Dictionary of National Biography. London: OUP.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мэйхью, Генри // Оксфордский словарь национальных биографий(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Մեյհյու» հոդվածին։ |
|